Բանակ Գլխավոր 

ՊԲ գնդապետը պարզաբանեց` որքանով էր անսպասելի հակառակորդի ապրիլյան հարձակումը

Հայտնել ենք, որ այսօր ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հրավիրվել է «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում են Արցախի Հանրապետությունից պաշտոնյաներ, ԱԺ «Ելք» դաշինք» և ՀՀԿ խմբակցությունների անդամներ: Ներկա են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և այլք:

Զեկույցով հանդես եկավ Արցախի Հանրապետության ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Զեկույցից հետո նրան հարցեր ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հետաքրքրվեց` որքանո՞վ էր մեզ համար անսպասելի հակառակորդի ապրիլյան հարձակումը, և որքանո՞վ է պահպանվում ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Առուստամյանը նախ նշեց, որ սկզբում հակառակորդի գործողությունների այնպիսի պատկեր չի եղել, թե նա լայնածավալ հարձակում է պատրաստվում իրականացնել: «Հերթական դիվերսիոն ներթափանցման փորձի տպավորություն է եղել, և մենք էլ այդ փորձը կանխելու միջոցառումներ ենք ձեռնարկել»,- ասաց նա: ՊԲ գնդապետն անկեղծացավ` նշելով, որ չենք ունեցել ավելի խորը հետախուզման միջոցներ, սակայն, ըստ նրա, հիմա բավականաչափ տեխնիկա է ձեռք բերվել: Նրա խոսքով` հնարավորություն կա նաև օնլայն ռեժիմում դիտարկելու մարտավարական գոտու իրավիճակը:

Ինչ վերաբերում է հարցին` որքանո՞վ է պահպանվում  ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Առուստամյանը նշեց. «Ռազմական բալանսի տեսակետից` եթե վերցնենք զուտ թվային և հարաբերական հարաբերակցությունը, ապա 1994 թվականից նրանց ռազմական հզորությունը գերազանցել է մերը»: Սակայն, ըստ նրա, դրանով չի կարելի գնահատել, թե մենք պատերազմում պարտված ենք: Գնդապետի խոսքով` բավականին գործոններ կան, որոնց արդյունքում ռազմական գործողությունները  կարող են այլ ելք ունենալ: «Կարևորը զորքի որակն է»,- եզրափակեց Առուստամյանը:

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ