Գլխավոր Քաղաքականություն 

Միջնորդներից ակնկալում ենք հասցեական արձագանք․ Կորյուն Նահապետյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ մշտապես բարձր մակարդակով հանդիպումներից առաջ Ադրբեջանը լարում է իրավիճակը թե’ հայ-ադրբեջանական, թե’ Արցախ-Ադրբեջան սահմանային հատվածում։

«Բարձր մակարդակով հանդիպումից կամ միջնորդների այցելությունից առաջ իրավիճակն ավելի լարվում է թե’ հայ-ադրբեջանական, թե’ արցախա-ադրբեջանական սահմանային հատվածում։ Սա նշանակում է, որ մեր զգոնությունը միշտ պետք է բարձր պահենք, զինված ուժերն իրենց մարտավարական կանխատեսումները պետք է նկատի ունենան։ Նման հանդիպումներից առաջ լարումը մեծանում է։ Ադրբեջանն ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու, և ռազմական ագրեսիան, նման գործողությունները նրա քաղաքականության մասն են կազմում։ Վերջին տարիների ընթացքում այս փաստը արձանագրվում է։ Իհարկե, խոր մտահոգություն է առաջացնում սա»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Միջնորդներից ակնկալում ենք հստակ հասցեական արձագանք։ Թող նախատեսեն հետաքննության մեխանիզմներ, որոնց մասին պայմանավորվել ենք թե’ Սանկտ Պետերբուրգում, թե’ Վիեննայում։ Այս բոլոր պայմանավորվածությունները արձանագրվել են։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարել այս պարտավորությունները»։

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություններ